ԱՄՆ-ի հատուկ դեսպանորդ Սթիվ ՈՒիտկոֆը թույլատրելի է համարել Աբրահամի համաձայնագրերի ընդլայնումը, նշելով, որ Հայաստանն ու Ադրբեջանը կարող են միանալ դրանց ապագայում։ «Մենք կարծում ենք, որ շատ, շատ մոտ ենք այդ երկրներում հակամարտությունների վերջնական լուծմանը։ Ես կարծում եմ, որ երկուսն էլ կարող են ցանկանալ միանալ Աբրահամի համաձայնագրերին»,- ասել է Ուիտկոֆը։ ԱՄՆ-ի հատուկ ներկայացուցչի խոսքով՝ սա շատ կարևոր նախաձեռնություն է երկրի նախագահ Դոնալդ Թրամփի համար, և նա հավատում է դրան։               
 

ԱՄԵՆ ԾԱՌ ԻՐ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ Է ՃԱՆԱՉՎՈՒՄ

ԱՄԵՆ ԾԱՌ ԻՐ ՊՏՈՒՂՆԵՐԻՑ Է ՃԱՆԱՉՎՈՒՄ
22.11.2011 | 00:00

«Ձեր ամեն ինչը սիրով թող լինի», հորդորում է սուրբ Պողոս առաքյալը (Ա Կորնթ. 16.14)։ Փորձենք այդ սկզբունքով արձագանքել հոդվածագիր եղբայր Մաքսիմ Ոսկանյանին, ով Հրհեղեղի մասին իմ գրվածքին անդրադարձել էր նախանձախնդիր քրիստոնյային վայել փութկոտությամբ, չհերքելով ու ինչ-որ տեղ նաև լրացնելով ասվածը, որ իսկապես մեղավոր մարդկությանը Աստծո հուրն է սպասում, և որ նախքան այդ օրը Հակաքրիստոսը պիտի գա և պիտի լինի յոթ նեղության տարի, մինչ կկատարվի այն, ինչ մարգարեների միջոցով ասվել ու ևս մեկ անգամ էլ հաստատվել է Տիրոջ եկեղեցու վեմի՝ Պետրոս առաքյալի կողմից, ով նույնպես նկարագրել է հրե գալիքի մասին, ասելով. «Այն ժամանակվա աշխարհը կործանվեց ջրհեղեղով։ Իսկ այժմ երկինքն ու երկիրը պահված են այդ նույն խոսքով, վերապահված են կրակի դատաստանի օրվա և ամբարիշտ մարդկանց օրվա համար»։ ՈՒ քիչ ներքևում Տիրոջ առաքյալը դարձյալ կրկնում է. «Բայց Տիրոջ օրը պիտի գա ինչպես մի գող, երբ երկինքը պիտի անցնի, չքանա շառաչյունով, և տարերքը, հրով կիզված, պիտի լուծվի, և երկիրն ու ինչ գործեր, որ կան նրա վրա, պիտի հայտնի լինեն» (Բ Պետրոս 3.6-7,10)։
Եվ գալիքի մասին զգուշացնող այս խոսքը նրա կողմից տրված է ոչ թե վախեցնելու, այլ զգուշացնելու համար, ինչպես գրել էի Հրհեղեղի մասին հոդվածի նախաբանում։ Քանի որ սպասվելիք հիվանդություններից ու համաճարակներից առաջ են պատվաստում մարդկանց, որ երբ այն լինի, ապա նրանք հակացուցիչը ունեցած դիմավորեն։ Այդպես էլ գալիք կրակի մասին գրվում է Աստվածաշնչում, որպեսզի լսողները մեղքերի խոստովանությամբ մաքրվեն մինչ այդ օրը կգա, որովհետև Աստծո կրակը միայն մեղքի հետ պիտի գործ ունենա, ինչպես գրել է Պետրոս առաքյալը, որպեսզի ի հայտ գան մարդկանց կատարած գործերը։
Ինչպես տեսնում ենք, սուրբ առաքյալը գրելով կրակով դատաստանի օրվա մասին, նույնպես չի շեշտել Հակաքրիստոսի գալու մասին, քանզի իր ուզածը տվյալ դեպքում դա չէր, այլ վերջնանպատակը։ Եվ այդ արել է` սկսելով իր նամակը այսպես «Սիրելիներ, գրում եմ ձեզ այս երկրորդ թուղթը, որ ձեր մաքուր մտքերն արթնացնեմ հիշեցման համար» խոսքերով, ու ավարտել դարձյալ նույն սիրո հոգով. «ՈՒստի սիրելիներ, սպասելով այս բաներին, ջա՛նք թափեցեք, որ Նա գտնի ձեզ անբիծ և անարատ խաղաղության մեջ»։ Ինչը բոլորովին բացակայում էր ինձ շատ սիրելի եղբայր Մաքսիմի անդրադարձ հոդվածում, վարվելով հակառակ սուրբ հայրերից մեկի խոսքի. «Եղբորդ խրատելու պատրվակով թունաթափ մի եղիր», և վերագրել է իմ հոդվածը որպես անտեղի վախի դրդապատճառ։
Այս մասին ասենք, որ մեր եկեղեցու սուրբ հայրերը նույնպես իրենց հոտին զգաստ ու պատրաստ պահելու համար հիշեցրել են հրեղեն օրվա մարգարեության մասին։ Օրինակ, Հովհաննես Մանդակունի հայրապետը (478-490 թթ.) իր «Թուղթ հանցավոր վարքի խոստովանության մասին» ճառում գրում է. «Մշտապես տեսնում եմ ահավոր ատյանի ահը, մեծ ու ահավոր բեմի սարսափները, փողի սոսկալի ձայնը, հրեշտակապետի ահալի բարբառը, ծովածավալ հրի բորբոքումն ու ամբողջ երկրի վրա տարածումը…»։ Իսկ մյուս ճառում ավելացնում է. «Բազում տեսակների են Աստծու սպառնացող պատուհասները, որոնք Նա, մեզ գթալով, մատակարարում է մեր իսկ օգուտի համար: Թեպետև դրանք երևում են իբրև ցասման արտահայտություններ, սակայն արտահայտությունն են [Տիրոջ]` մեր հանդեպ Հայրական խնամքի և գութի։
…ՈՒստի և հարկ է, որ դուք պատուհասների պատճառով դառնաք և ապաշխարեք և չընդունեք բազում և սոսկալի պատիժների հույլերը, դրանցից հետո էլ` անշեջ հուրն ու հավիտենից տանջանքները:
Ստուգեցե՛ք ձեր խորհուրդները, քննեցե՛ք ձեր սրտերը…» (Հ. Մանդակունի, Ճառք)։
Իսկ այն, որ իսկապես ինձ սիրելի է հոդվածագիր եղբայրը` Մաքսիմ Ոսկանյանը, ու ոչ թե լոկ խոսքեր, վկայում եմ նաև այստեղ, որովհետև մենք դեռ քառորդ դար առաջ, կատաղի կոմունիստական հոգեխավար տարիներին, միասին Աստծուն՝ ճշմարիտ Լույսն էինք փնտրում, մինչև Տերը մեզ օգնեց Իր Հիսուս Որդուն, մեր Փրկչին գտնելու, Ով ասել է. «Ես եմ Լույսը աշխարհի»։ Եվ այդ փնտրտուքի ժամանակ եղբորս օգնությունը մեղավորիս հանդեպ անուրանալի է, ու այժմ էլ ներելի իր անտեղի խստությունը մեղավորիս հանդեպ։
Ինչևէ, այդ պատասխան անդրադարձում այս կերպ, թե այն կերպ Ավետարանի խոսքն է դարձյալ քարոզվել։ Բայց այս արձագանքի նպատակը իմ նվաստ անձի դեմ ուղղված եղբայրական սիրո պակասը չէ, այլ իր հոդվածում անձնական դատաստանի բերված մեկ այլ երևույթ՝ Տիրոջ կողմից մեզ ուղարկված «Ճշմարիտ Կյանք Աստծո մեջ» սիրո և հորդորական պատգամները, որոնք լսող ականջներին են հասնում Վասուլա Ռիդեն անունով հույն ուղղափառ եկեղեցու հետևորդ մի կնոջ միջոցով։
Տվյալ դեպքում կարևորն այդ կնոջ անձը չէ, որի վրա շատերն են կենտրոնանում իրենց բացասական ու թյուր կարծիքներով ու սայթաքում հենց շքամուտքում, քանզի այդ ձևով վարվելով ու դատելով` մենք ընդհանրապես պետք է Ավետարանը չբացենք, քանզի դրանց գրողներ են մաքսավոր ու մեղավոր Ղևին (Մատթեոս ավետարանիչը), մի գիշերում երեք անգամ Տիրոջն ուրացող Սիմոնը (Պետրոս առաքյալը), քրիստոնյաներին հալածող ու բանտերը նետող Սավուղը, ով իրեն մեղավորների գլուխ անվանեց (Պողոս առաքյալը), երկնքից մարդկանց ոչնչացնելու համար կրակ խնդրող Բաներեգես՝ Որոտման որդիներ կոչվող եղբայրները (Հակոբոս և Հովհաննես առաքյալները) և այլք, որոնք Աստծո շնորհով, ի վերջո, դարձան այն, ինչ դարձան, և Քրիստոս Տիրոջը հավատարմությամբ վկայեցին մինչև ի մահ։ Այնպես որ, ով սաստիկ ծարավ է, հրամցվող թասի արտաքինը չի քննում, այլ միջի կենարար պարունակությունն է ընդունում։
«Ճշմարիտ Կյանք Աստծո մեջ» գրքի պատգամները նույնպես մեզ են հասել 1942 թ. Եգիպտոսում ծնված մի հույն աշխարհական կնոջ միջոցով, որը նախկինում հազվադեպ է այցելել եկեղեցի և աշխարհիկ կյանքով է ապրել, լինելով մասնագիտությամբ նկարչուհի, և ուներ ամուսին ու երկու որդի։ ՈՒ Տերն Իր զարմանալի սիրո նրբությամբ նրան դարձի է բերել և տարիների ընթացքում նրանից պատրաստել մի գործիք, կամ անոթ, որը պետք է 1986 թվականից մինչ այսօր երկնային պատգամներ փոխանցեր մեր օրերում Տիրոջ կամքը փնտրողներին։ Քանի որ Տերն է հորդորել Պողոս առաքյալի միջոցով. «Տեսեք, թե ինչպիսի զգուշությամբ պետք է ընթանաք. ոչ թե ինչպես անմիտներ, այլ ինչպես իմաստուններ. ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են. դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ի՛նչ է Տիրոջ կամքը» (Եփես. 5. 15-17)։
Վասուլայի միջոցով պատգամները փոխանցելիս Տերը դա անում է զարմանահրաշ ու յուրովի՝ գրելու միջոցով, այն էլ Իր առանձնահատուկ ու չափազանց գեղեցիկ ձեռագրի միջոցով, որը լրիվ տարբերվում է Վասուլայի իսկական ձեռագրից, ինչում կարող եք համոզվել, երբ ուշադրություն դարձնեք այս հոդվածում զետեղված, 2003 թ. սուրբ Գեղարդավանքում Տիրոջից Հայաստանին տրված կարճ պատգամը կարդալիս։ (Ասեմ, որ Վասուլայի ձեռքով այդ պատգամը գրվելիս մենք խմբով ներկա էինք այնտեղ, որից հետո մի հիասքանչ վարդաբույր տարածվեց եկեղեցու սրահում, ներկաներին պարուրելով երկնաբույր ուրախությամբ)։ Ստացված օրհնագրի մեջտեղի գեղեցիկ ու խոշոր տառերով գրվածքը Տիրոջ ոճն է, իսկ ներքևի մանր ու անկանոն ձեռագիրը` Վասուլայինը։ Ոմանք առարկում են, թե դա անհնար է, այդպիսի բան չի կարող պատահել, որ Տերն ինչ-որ կնոջ միջոցով մեզ բան ուզի ասել, այն էլ գրելով` մինչ այսօր չլսված ձևով։ Բայց այդ ասողներն անտեսում են այն իրողությունը, որ Հիսուսի ազգաբանության մեջ նույնպես թվարկվում են կանանց անուններ՝ Թամարը, որ հղիացել է իր սկեսրայրից, Հռաքաբը, որը հեթանոս ազգի մեղավոր կին էր, Բերսաբեն՝ ՈՒրիայի կինը, որը Դավթի հետ մեղանչելուց հետո դարձավ նրա կինը, ապա ծնեց Սողոմոնին, բոլորն էլ նախկինում մեղավոր կանայք էին եղել, բայց դա չի խանգարել, որ հետագայում հավատով և ապաշխարությամբ սրբանան և արժանանան սուրբ Տիրոջ ազգաբանության մեջ հիշատակվելու։ ՈՒ նման սխոլաստիկ մտածելակերպով մարդիկ մոռանում են, որ Աստված անհնարինը հնարավոր դարձնող Տերն է, և նա նույնիսկ անբան անասունի՝ ավանակի միջոցով էլ կարող է մեզ բան ասել, ինչպես դա արեց Հին ուխտում, երբ մարգարե Բաաղամի հետ խոսեց էշի միջոցով (ում հետաքրքրում է այդ պատմությունը, թող կարդա Աստվածաշնչից «Թվեր»-ի 22-րդ գլուխը)։
Հիսուսը, երբ մեծ առաքելության համար նախապատրաստում էր այդ տկար անոթը՝ Վասուլային, կամ ինչպես Տերն է նրան որակել. «... մի ոչնչություն, որը ոչինչ չգիտի, մի դատարկ կտավ, որպեսզի պարզ լինի, որ կտավը ծածկող գործերը գալիս են Ինձանից, և որպեսզի հավատաք, որ Ես եմ՝ Հիսուսը, Աստծո Որդին, որ խոսում է այս անգամ» (դեկտեմբերի 26, 1987 թ.), սկզբում գրել է քնքուշ սիրո խոսքեր, ինչպես ծնողներն են վարվում իրենց փոքրիկների հետ, մինչև կաճեն ու կմեծանան։ Խոսքեր, որոնցից ոմանք գայթակղվել են, իբր Տերը չի կարող նման սիրո խոսքեր ասել, նույնիսկ շատերն էլ դրա մեջ էրոտիկ երանգ են զգացել, ինչպես Մաքսիմ եղբայրն է համարել ու բանաստեղծական հմտությամբ ընդգծել իր հոդվածում (չնայած դեռ 2001 թ. այդ պատգամների առաջին հատորն ամբողջությամբ ինքն է խմբագրել և վճարվել իր ասած Վասուլայի հիմնադրամից, ինչը իրականում գոյություն չունի, որովհետև պատգամներն անգլերենից թարգմանում են Լոս Անջելեսի հայորդի քրիստոնյաները, իսկ հետո իրենց հանգանակած գումարով էլ խմբագրվում և տպագրվում է Հայաստանում՝ այստեղի որևէ պատասխանատուի կողմից հսկվելով, որոնցից մեկը եղել է այս հոդվածի հեղինակը)։
Հնարավոր է, ոմանց մոտ պատգամներն ընթերցելիս նույնպես զգացական սիրո շարժեր են առաջացել, ինչպես «Երգ երգոցի» տողերում են մարդիկ կրքի երանգ զգացել, այդ պատճառով հնում մեր վարդապետները «Երգ երգոցը» խորհուրդ չեն տվել կարդալ երիտասարդներին ու անփորձներին, քանի որ Սողոմոն արքան իր սիրած կնոջը նկարագրել է հետևյալ տողերով.
«Ահա՛, դու ինչ գեղեցիկ ես, ով իմ սիրելի, ի՜նչ գեղեցիկ ես. քո աչքերը նման են աղավնիների՝ հարսնաքողիդ տակ…
…Քո երկու ստինքները նման են այծյամի երկվորյակ ուլերի,
որոնք արածում են շուշանների մեջ։
…Գեղեցկացան քո ստինքները, ո՜վ մեր քույր հարս,
գինուց գեղեցկացան քո ստինքները,
և զգեստներիդ հոտը քաղցր է բոլոր խնկերից»։
Ի՛նչ է, պուրիտանների նման մե՞նք էլ ասենք, թե ինչու են նման տողեր գրվել Սուրբ գրքում, ու մի կո՞ղմ դնենք առանց ընթերցելու։ Քավ լիցի, որովհետև ըստ նախնյաց մեկնությունների, հանձին սուրբ Աթանաս Ալեքսանդրացու. «Երգ երգոցի մեջ ամեն ինչ, սկզբից մինչև վերջ, գրված է խորհրդաբար, առեղծվածային այլաբանությամբ, նրանց մեջ ամփոփված դավանական իմաստները ոչ թե տառի մեջ են, այլ խորապես ծածկված են նրա տակ։ Ահա թե ինչու միայն կատարյալները կարող են կարդալ այս գիրքը, սակայն նրանք էլ կարդալիս պետք է նկատի ունենան այլաբանությունը, որպեսզի անիմաստների տգիտությամբ չծաղրվի նրա շարադրվածը»։
Հավելենք, որ շատերին գայթակղած երկու ստինքները սուրբ հայրերի կողմից մեկնաբանվել են որպես Աստծո օրենք ու մարգարեություններ, որոնք իբրև դաստիարակներ հովվում էին Աստծո ժողովրդին շուշանների մեջ, այսինքն` մարմնավոր պարգևների մեջ՝ դեռևս առանց հարության հույսի (Գանձասար մատենաշար, Երգ երգոց, հանդերձ մեկնութեամբ նախնեաց)։
Իսկ Գրիգոր Տաթևացին իր մեկնության մեջ գրում է.
ՀԱՐՑ. Ինչո՞ւ է փեսայի ու հարսի ախտավոր սիրով պատկերվում աստվածային սերը։
ՊԱՏԱՍԽԱՆ. Ինչպես ասում է սուրբ Գրիգոր Նարեկացին, մեր տկարության պատճառով, որովհետև ընտելացել ենք ախտավոր սիրուն (Գրիգոր Տաթևացի, Երգ երգոցի մեկնությունը)։
Իսկ փեսայի և հարսի խորհրդաբանությունը սուրբ հայրերը վերագրում են Հիսուսին ու Իր Եկեղեցուն։
Այս ամենը գրվեց, որպեսզի ընթերցողը նույնպես զգուշանա իր առաջնային մտքի պղտոր ընթացքին տրվելուց, այլ Աթանաս սրբի հորդորով Տիրոջ տված մերօրյա պատգամները կարդալիս աղոթքով մոտենա, նկատի առնելով գրվածքի այլաբանությունը, որպեսզի անիմաստ տգիտությամբ չծաղրվի նրա շարադրածը։
Իսկ այն մասին, որ մեր եկեղեցին չի ընդունում Տիրոջ պատգամները, նույնպես չի համապատասխանում ճշմարտությանը, որովհետև 2003 թ. երբ Վասուլան Հայաստան էր եկել, առաջինը գնաց Էջմիածին՝ Սուրբ պատարագին մասնակցելու, իսկ վերադարձից առաջ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հետ հանդիպեց իրեն ուղեկցող հույն վարդապետի հետ, և փոխանցեցին պատգամների առաջին հատորը։ Եվ մինչ այժմ եկեղեցու կողմից այն չի քննարկվել, այլ միայն առանձին հոգևորականների անձնական կարծիքներն ենք լսում. դրական կամ բացասական։ Իսկ Եկեղեցին անհատ անձի կամ կարծիքների տեղ չէ, այլ Տիրոջ Սուրբ Մարմինը՝ ճշմարտության սյունը, որտեղ ծառայում են այդ անձերը, որոնք, եթե հարկ համարեն, հանգամանորեն կքննեն ու համատեղ որոշում կկայացնեն Ավետարանի և եկեղեցու դավանաբանական հենքի հիման վրա հաստատված։
Ասենք, որ մինչ այժմ միայն կաթոլիկ եկեղեցու հավատաքննության կոնգրեգացիան է (Հավատի դավանության միաբանությունը) հանգամանորեն կարդացել այդ պատգամները և հինգ հարց ուղղել Վասուլային, և պատասխանն ստանալուց հետո իր եզրակացությունը տվել և թողել թեմերի առաջնորդների հայեցողությանը, քանի որ Պողոս VI պապի կողմից 1966 թ. 1186 -րդ հրամանով թույլատրվում են հայտնությունների, վկայությունների, հրաշքների մասին հրատարակությունները, դրանց տարածումը և հավատացյալների կողմից ընթերցումը առանց եկեղեցու հատուկ թույլտվության, եթե դրանց մեջ չկան հավատին ու բարոյականությանը հակասող տարրեր (ցանկացողն այդ հարց ու պատասխանի մասին կարող է ծանոթանալ պատգամների 2-րդ գրքում)։ Սրան ավելացնենք, որ նմանատիպ գրականություն արդեն ունենք երկու բարեպաշտ կանանց միջոցով գրված «Աստծո կանչ» գրքի ամենօրյա պատգամները, թարգմանված Պոլսի պատրիարք Շնորհք արքեպիսկոպոսի կողմից (որոնք պարբերաբար տպագրվում են նաև «Իրատես de facto»-ի էջերում), որի մասին մեր եկեղեցին նույնպես իր եզրակացությունը չի տվել, չնայած դեմ ու կողմ կարծիքներ ևս կան տարբեր հոգևորականների կողմից, բայց դա չի խանգարում, որ Սուրբ գրքից հետո ամենաշատն այդ գիրքը վերահրատարակվի և ժողովրդին հասնի, որպես օգտակար և հոգեշահ գրականություն ճշմարիտ հավատի հաստատման համար։ Եվ դա, ըստ Տիրոջ խոսքի, համահունչ է, քանզի երբ Հովհաննես ապագա առաքյալը դիմեց Հիսուսին, ասելով «Վարդապե՛տ, տեսանք մեկին, որ Քո անունով դևեր էր հանում, և արգելեցինք նրան, որովհետև մեզ հետ չի շրջում»: Հիսուս ասաց նրանց. «Մի՛ արգելեք նրան, որովհետև, ով որ ձեր թշնամին չէ, ձեր կողմն է» (Ղուկաս 9. 49-50)։
Ըստ Տիրոջ խոսքի` ամեն ծառ իր պտուղներից է ճանաչվում։ Այս առիթով ասենք, որ Տիրոջ պատգամները Վասուլայի միջոցով արդեն յոթանասունից ավելի երկրներում են տարածվել (Հայաստանը 62-րդն էր) ու թարգմանվել 40-ից ավելի լեզուներով։ Դրանց միջոցով հարյուր հազարավոր մարդիկ են լսել ու բազումները դարձի եկել, եկեղեցի մտել ու մկրտվել (մինչդեռ շատ քրիստոնյաներ նույնիսկ ամիսներով Սբ. պատարագին չեն մասնակցում)` դառնալով նրա անդամը։ Դրանց թվում կան և՛ Իսրայելի հրեաներ, և՛ բողոքականներ, և՛ այլակրոններ Հնդկաստանից, Ճապոնիայից, Ֆիլիպիններից ու Արևելքի այլ երկրներից, և՛ բանտարկյալներ, ու պարզապես անհավատներ, որոնց սրտերին Տերն Իր սիրո այդ պատգամներով է դիպել։ Ի՞նչ է, սատանան սկսել է մարդկանց քարոզել, որ ապաշխարե՞ն, խոստովանե՞ն իրենց մեղքերը, աղոթեն ու եկեղեցի՞ հաճախեն. ուրեմն կամ ինքն էլ է դարձի եկել, կամ այդ պատգամներն աստվածային բնույթ ունեն. մտածենք ու ինքներս մեզ պատասխանենք անկեղծաբար։ Կամ էլ գոնե իմաստուն Գամաղիելի խորհուրդը լսենք, որ ասաց առաքյալներին դատողներին. «…եթե այդ խորհուրդը կամ այդ գործը մարդկանցից է, կքանդվի. իսկ եթե Աստծուց է, չեք կարող դրանք ձախողեցնել. միգուցե աստվածամարտ էլ դառնաք» (Գործք 5.39)։
Այս գրվեց նաև որպես նախաբան, որպեսզի հիմա կարդանք մի քանի պատգամներ «Ճշմարիտ Կյանք Աստծո մեջ» գրքից, ասելիքի ամբողջության համար։ Նաև որպես լրացում տեղեկացնեմ, որ Տերը մի պատգամում ասել է, որ դրանք ընթերցողը մտովի թող Վասուլայի անունը հանի և իր անունը գրի, որովհետև հանձին պատգամաբերի` Աստված դիմում է յուրաքանչյուրիս։
(Տեղի սղության պատճառով պատգամները զետեղում ենք հատվածաբար։ Իսկ երբ ընթերցողը տեսնի նկարված ձուկ, ապա թող իմանա, որ հնում քրիստոնյաների նշանաբանն է եղել այն, քանի որ «ձուկ» բառի տառերը հունարեն Հիսուս Քրիստոս Որդի Աստծո է կարդացվել, իսկ սրտի նկարը Հիսուսի սիրող Սրտի խորհրդանշանն է)։
Հունիսի 1, 1987 թ. - «Արդարության Իմ բաժակը լեցուն է, թույլ մի՛ տվեք, որ այն դուրս թափվի: Ես ուզում եմ, որ դադարեն Իմ մարմինը հեղձամահ անելուց: Ես՝ Հիսուսը, Սեր եմ ուզում, և ուզում եմ, որ նրանք դադարեն միմյանց վրա թունավոր նետեր արձակելուց: Ինչո՞ւ համար են այս ծիսակատարությունները, երբ իրականում նրանք ոչինչ չունեն Ինձ մատուցելու: Ինձ մաքրություն է պետք, սեր, հավատարմություն, խոնարհություն, սրբություն»:
Մարտի 29, 1988 թ. - Հիսուս, ո՜վ, Հիսուս, ի՞նչ պետք է պատասխանել այն քահանաներին, ովքեր քմծիծաղով են լսում «երևումներ» բառը: Մենք անօգնական ենք և գաղափար չունենք նման արտահայտությունների մասին, ինչպիսին այս մեկն է. «Երևումնե՞ր: Ճշմարտությունը փնտրեք, և ոչ թե երևումները»: Սա ասվել է մի կաթոլիկ քահանայի կողմից:
- Ես եմ Ճշմարտությունը և Իմ Խոսքը Ճշմարտությունն է, սակայն Իմ յուրայիններից շատերը մոռացել են Իմ Խոսքերը: Կարծրացած սրտերով նրանք փնտրում են խավարում: Գրված է (Հովել 2.29-30, Գործք 2,17-20), որ Ես Իմ Հոգին կհեղեմ ողջ մարդկության վրա, և որ Իմ զավակները կրկին կմարգարեանան: Ես շատերին երազներ ու տեսիլքներ կտամ, անգամ նրանցից ամենանվաստին... Դրա համար նրանց, ովքեր դատապարտում են այսօրվա Իմ Աստվածային գործերը, Ես կասեմ հետևյալը. «Ձեր ուրացությունը դատապարտում է ձեզ: Դուք բոլորդ, ովքեր չեք հավատում և ամայացրել եք Իմ Այգին, եկե՛ք Ինձ մոտ և ապաշխարեք»:
Դեկտեմբերի 21, 1988 թ. - Տե՛ր, թերևս, Դու տխրում ես, երբ որոշ մարդիկ սխալ են հասկանում Քո Սերը Քո Պատգամներում և համեմատում են այն զգացական սիրո հետ (ես որոշ մարդկանցից լսել էի մեկ կամ երկու ակնարկություն այդ մասին):
-Իմ սերը չի գնահատվում կամ հասկացվում այս դարաշրջանում: Քո դարաշրջանի մեղքերն այնքան լուրջ ու այնքան մեծ են, որ այն չի ճանաչում այլևս Ինձ` ձեր Աստծուն: Արդյոք նրանք մոռացե՞լ են այն փրկագինը, որ Ես վճարել եմ նրանց համար: Ես ստորացվել եմ, չարչարվել ու խոշտանգվել եմ և կամովին կրել ամենացավալի մահը, և այս ամենը` սիրուց դրդված: Նույնիսկ այժմ Ես պատրաստ եմ առանց Ինքս Ինձ խնայելու կրկնել Իմ Չարչարանքը: Օ՜, արարչություն: Որքա՜ն շատ տառապանք ես դու պատճառում Ինձ: Քո հանդեպ Իմ Սերն Անհուն է. ջանա՛ հասկանալ այս Սերը:
Դեկտեմբերի 20, 1988 թ. -…Զավակս, աղոթի՛ր Իմ Եկեղեցու համար, որ միաբանվի և մեկ լինի։ Ամեն մի քահանա պետք է հասկանա, որ Ես` Տերը, փափագում եմ այս միությունը: Ոչ մի բաժանում Ինձնից չի գալիս, այլ գալիս է Իմ հակառակորդից: Իմ Թագավորությունը պետք է Մեկ և Սուրբ լինի…
…Ես ձեզ որևէ նոր ուսմունք չեմ տալիս: Ես միայն հիշեցնում եմ ձեզ ճշմարտության մասին և մոլորվածներին առաջնորդում եմ հետ՝ դեպի կատարյալ ճշմարտությունը: Ես` Տերը, շարունակ արթնացնելու եմ ձեզ հիշեցումներով և Իմ Սուրբ Հոգին` Պաշտպանը, միշտ ձեր մեջ է լինելու, որպես Իմ Խոսքի Հիշեցնողը: ՈՒստի մի՛ զարմացեք, երբ Իմ Սուրբ Հոգին խոսի ձեզ հետ։ Այս հիշեցումները տրվում են Իմ Շնորհի միջոցով՝ ձեզ դարձի բերելու և Իմ ՈՒղիների մասին ձեզ հիշեցնելու համար։
16 ապրիլի 1993 թ. - Իմ վերադարձն անխուսափելի է: Լսե՛ք Ինձ, այսօր ձեր մեծ մասը դատում է մարդկային չափանիշներով, այդ է պատճառը, որ ձեր հոգին անկարող է չափել Իմ Երկնային Թագավորության Գանձերը: Մինչև մարդ նորից չծնվի, նա չի կարողանա տեսնել Երկնային Թագավորությունը:
Ապրիլի 20, 1993 թ. - Մի մեծ տխրություն է Իմ Սրտում, քանի որ դավաճանությունն ու հավատի պակասը ավելի ու ավելի են տարածվում Եկեղեցում։
…Նրանք ձևացնում են, թե խունկը ձեռքներին գնում են Ինձ փնտրելու, սակայն նրանց հոգին չի փնտրում Իմ Հոգուն:
Ես ասում եմ քեզ, որ նրանք չեն սրբացնում Իմ Անունը: Ո՛չ, չեն սրբացնում, նրանք չկարողացան գնահատել Իմ մեծ Սերը: Նրանք ամեն օր արհամարհում են Ինձ և զայրացնում են Ինձ իրենց ոչ հոգևոր դատողություններով, նրանք գործի են դնում Իմ զայրույթը իմ պատգամատարների վրա իրենց հեգնական դիտողություններով, օ՜հ, սակայն նրանք կընկնեն գլորվող աստղի պես՝ սև խավարի հավիտենությանը միացած, եթե չիջնեն իրենց գահերից և չապաշխարեն: Դու պետք է միանաս նրանց համար աղոթելուն, նախքան Իմ Օրը կգա:
Հոկտեմբերի 8, 1987թ. -Հիսո՛ւս, ես ուզում եմ հատուցել յուրաքանչյուր վիրավորանքի համար, որ ուղղված է մեր Օրհնյալ Մորը: Ես չեմ կարող վիրավորանքներ լսել Նրա մասին, որոնք ասվում են Քո արարածների կողմից` հատկապես պաստորների: Եթե անգամ գլուխս կտրեն` ես կպաշտպանեմ Նրան:
-Վասո՛ւլա, Ես թույլ կտամ քեզ, որ հասկանաս, թե Սերն ինչպես է տառապում նման վիրավորանքներ լսելով: Վասուլա, թող հայտնի դառնա, որ Ես` Տերը, մեծարում եմ Իմ Մորը, թող հայտնի դառնա նրանց, ովքեր վիրավորում են Նրան, որ Նա Երկնքի Թագուհին է, որ Նրա Գլխի վրա Ես` Տերը, թագ եմ դրել` տասներկու աստղերով: Նա թագավորում է, սիրելիս, և սա գրված է Իմ Խոսքում: Ես մեծարում եմ Իմ Մորը, և, ինչպես որ Ես եմ մեծարում Նրան, դու էլ պիտի մեծարես Նրան: Ես սիրում եմ քեզ: Իմ Մայրն ու Ես օրհնում ենք քեզ:
-Տե՛ր, պատվելին չընդունեց, որ մենք պետք է մեծարենք Նրան, որպես մեր Սուրբ Մորը: Եվ երբ ես ասացի, որ Դու այդ Խաչից ես ասել, նա ասաց, որ Դու այն նկատի ունեիր միայն Հովհաննեսի համար, քանի որ Ավետարանում ոչ մի տեղ չի գրված, որ Նա նույնպես մեր Մայրն է, իսկ մենք` Նրա զավակները:
-Սակայն Ես քեզ նորից եմ ասում, աղջիկս, որ Իմ Մայրը նաև քո Մայրն է. դուք Նրա զավակներն եք. դա գրված է Իմ Խոսքում, և Ես նորից կրկնում եմ դա նրանց համար, ովքեր չգիտեն: Սուրբ Գիրքն ասում է Հայտնության գրքում, երբ սատանան պարտվեց Իմ Մորը հետապնդելուց, նա կատաղեց Նրա դեմ և հեռացավ` պատերազմելու Նրա մյուս զավակների դեմ, այսինքն, բոլոր նրանց, ովքեր հնազանդվում են պատվիրաններին ու վկայում Իմ մասին:
Սեպտեմբերի 5, 1989 թ. - Մեր Սուրբ Մոր պատգամը.
…Իմ Որդին գիտե ձեր թուլություններն ու թերությունները, սակայն դուք չպետք է անհանգստանաք, եթե ձեզ ամբողջովին հանձնել եք Նրա Աստվածային Ձեռքերի մեջ և վստահել Նրան: Եկեք Նրան ինչպես որ կաք և առաջարկեք Նրան ձեր կամքը, առաջարկեք Նրան ձեր սերը, առաջարկեք Նրան ձեր տանջանքները, տխրությունները, ձեր տառապանքները, ձեր խնդիրները. առաջարկեք Նրան ամեն բան: Վստահեք Նրան: Թույլ տվեք Նրան առաջնորդել ձեզ Իր Սուրբ Սրտի խորքերը, որտեղ դուք կգտնեք Նրա Խաղաղությունը. այս խաղաղության կարիքը ձեր սիրտն այնքան շատ է զգում: Ես ուզում եմ, որ դուք զգոն լինեք չարի հանդեպ, որը դրդում է անհանգստության, բաժանումների և խառնաշփոթության և, առավել, քան երբևէ, պայքարում է Աստծո Փրկության Ծրագրի դեմ: Նա մոլորեցնում է նույնիսկ ընտրյալներին` շփոթեցնելով նրանց, սակայն ցանկացածը, ով կանչի Տիրոջ Անունով, նա կլսվի և կփրկվի կործանումից, բայց նրանք, ովքեր ականջ կդնեն չարի ձայնին, չեն կարողանա ճանաչել Աստծուց եկող արդարությունը, նրանք չեն կարողանա ճանաչել Սիրո Ձայնը:
…Սիրելի զավակներ, աղոթեք սրտանց և ընդունեք Հոգին, որն այժմ դուրս է հորդել շատ ազգերի վրա: Զգացեք, թե ինչպես են Սիրո Վերադարձի օրերը մոտենում, և որ Շնորհը առատորեն է հեղվում ձեզնից շատերի վրա: Ես կվերջացնեմ Իմ Պատգամը` հիշեցնելով ձեզ, որ դուք սիրուց եք արարվել Սիրո համար, որ սիրեք ձեր Արարչին, և որ ամեն բան, որ ստեղծվել էր գոյություն ունենալու համար, ստեղծվել է Նրա կողմից և Նրա համար, ուրեմն գովաբանեք Նրան և փառք տվեք Նրան, Ով արարեց ձեզ: Ես օրհնում եմ ձեզ բոլորիդ: Ես օրհնում եմ ձեր ընտանիքները: Ես` ձեր Սուրբ Մայրը, սիրում եմ ձեզ բոլորիդ:
Ապրիլի 23, 1993 թ. - Դարձյալ մեր օրհնյալ Մայրը.
...Վասո՛ւլա, մի մկրտություն է գալու, և ինչպիսի՜ մեծ մկրտություն է դա լինելու: Հիսուսը կմկրտի երկիրը Կրակով: Մինչ այդ Ես կշարունակեմ հայտնվել: ՈՒստի հիմա է ապաշխարության ժամանակը, հիմա է հաշտության ժամանակը: Ես ասում եմ ձեզ, սիրելի՛ զավակներ, այն զոհողությունը, որն այսօր Աստված ձեզանից խնդրում է՝ ձեր կյանքը փոխելն ու սրբորեն ապրելն է: Աստված խնդրում է յուրաքանչյուր հոգու՝ ապաշխարել: Մի՛ ասեք, որ չափազանց մեղավոր եք, որպեսզի Աստված ների ձեզ, և որ Ամենաբարձրյալը այլևս կարեկից չի լինի: Աստված գալիս է ձեզ մոտ, նույնիսկ՝ ամենաթշվառների: Վերադարձե՛ք Աստծուն, և Նա կվերադառնա ձեզ:
Թող հայտնի լինի, որ առանց անկեղծ աղոթքների դուք չեք կարողանա տեսնել Աստծո Թագավորությունը: Նրա գահակալությունը երկրի վրա շատ մոտ է: Հիշե՛ք, Աստված ձեզնից ցանկանում է, որ փոխվեք սրտով։ Մի՛ վախեցեք ձեր մեղքերն ընդունելուց: Ապրե՛ք և կատարե՛ք խոստովանության խորհուրդը:
…Օրհնյալ լինեք, օրհնյալ լինեք Ինձ լսելու համար, Ես ձեր սիրեցյալ Մայրն եմ, Աստվածամայրը (Theotokos) (հունարեն՝ Աստվածամայր), ով սիրում է բոլորիդ.
4 օգոստոսի, 1991 թ. -…Ապաշխարե՛ք, քանի որ Ողորմության Ժամանակը գրեթե ավարտվել է: Փոխե՛ք ձեր կյանքերը և ապրե՛ք սրբորեն: Զոհաբերություններ արե՛ք և ուղղե՛ք ձեր կյանքը նախքան Տիրոջ Գալուստը:
…Աղոթի՛ր, աղոթի՛ր նրանց համար, ովքեր ճնշում են Իմ Հոգուն։ Աղոթե՛ք նրանց համար, ովքեր խոսում են միասնության մասին, բայց թակարդ են լարում միասնություն գործադրողների դեմ: Նրանք Ինձ հաշիվ կտան Դատաստանի օրը, որովհետև Ես կանչեցի և ոչ ոք չպատասխանեց: Ես խոսեցի բացահայտորեն, բայց ոչ մեկը չլսեց:
22 հունիսի, 1991 թ. - …Սատանայի պլանն էր նվաճել այս դարաշրջանը և ստիպել ձեզ հավատալ, որ դուք կարող եք ապրել առանց Ինձ: ՈՒստի Ապստամբության Ոգին, որը Հակաքրիստոսն է, մտավ Իմ Բնակարանը (մեր հոգիները): Դա Անօրենության ոգին է, եթե չասենք ավելին, և դա տեղավորվել է այսօր Իմ Սրբության հենց կենտրոնում (մեր սրտերում)։ Այն Շնորհները և Ընծաները, որոնք Իմ Սուրբ Հոգին տալիս է ձեզ՝ ելնելով Իմ Անսահման Առատաձեռնությունից, մերժվում են ձեզանից շատերի կողմից, արհամարհվում և ճնշվում են: ...Շատերը, արտաքնապես պահելով կրոնի տեսքը, մերժում են Իմ Եկեղեցու ներքին ուժը, այն ներքին ուժը, որը Իմ Սուրբ Հոգին է:
...Դատաստանի Օրը ես կասեմ ձեզ. Դուք ինձ չեք հավատացել, Ինձ ստախոս եք անվանել, որովհետև դուք չեք վստահել այն վկայությանը, որ Ես տվել եմ Պաշտպանի՝ Իմ Խոսքը Հիշեցնողի մասին, այո՛, Ճշմարտության Իմ Սուրբ Հոգու մասին, հենց Նրա՛, որին դուք երբեք չեք դադարել արհամարհելուց և հետապնդելուց, երբեք չեք դադարել մերժելուց և լռեցնելուց: Փոխանակ միանալու սրբերին, որոնք օրհնություններով և ուրախության կանչերով հռչակում և երկրպագում են Իմ Սուրբ Հոգուն, դուք անդադար հալածում և հետապնդում եք նրանց, կառչելով բարեպաշտության ձեր պատրանքից: Դուք զայրացնում եք Ինձ ձեր մշտական մերժումներով...
Ապրիլի 25, 1991 թ. - …Դո՛ւստր, Իմ Օրենքի կատարումը Սերն է: Սերը Իմ Օրենքի Արմատն է, և մյուս պատվիրանները չեն կարող ուժի մեջ մնալ, եթե նրանց մեջ Սեր չլինի: Դուք ստեղծված եք Ինձ փառաբանելու համար:
…Տո՛ւր նրանց այս Պատգամները, դրանք Իմ անձնական սիրային նամակներն են, նրանցից յուրաքանչյուրին Ցանկացի՛ր, ինչպես Ես եմ ցանկանում, փրկել Իմ ժողովրդին անկումից: Տո՛ւր նրանց Իմ Խաղաղությունը, աղջի՛կս, եկեղեցին կվերակենդանանա՛:
Ես սիրում եմ քեզ:
… Սերը վերադառնալու է որպես Սեր։

Սիրո և օրհնանքի այս տողերով ավարտենք գրվածը ու խնդրենք Բարձրյալ Աստծուն, որ բոլորիս հաստատի միակ Ճշմարտության մեջ, որ կոչվում է ՍԷՐ։

Մեհրուժան ԲԱԲԱՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3094

Մեկնաբանություններ